Քրիստոս ծնվեց և հայտնվեց, ձեզ էլ, մեզ էլ մեծ ավետիս. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը
CultureՀայ Առաքելական եկեղեցին այսօր` հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որի ավարտին կկատարվի Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Սրբ. Խաչով և Սրբալույս մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Տեր Նշան քահանա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում խոսեց տոնի նշանակությունից:
Ըստ նրա՝ Սուրբ Ծնունդը քրիստոնեության մեջ ամենակարևոր տոներից է, որը թերևս ակտիվ սովետական մշակույթի արդյունքում է, որ հետին պլան է մղվել:
«Բայց տարին տարվա հետ պետք է վերադառնալ բուն տոնին, որի նպատակը հոգևոր ուղերձ տալն է, Քրիստոսի կերպարի վրա հայացք բևեռելն է: «Քրիստոս ծնվեց և հայտնվեց» ասելուց հետո այն մարդը, որ պատասխանում է նույն կերպ, որ «օրհնյալ լինի Քրիոստոսի ծնունդը և հայտնությունը», հասկանում ենք, որ նա իմն է, յուրային է, նույն գաղափարի կրողն է, ասում եմ՝ ուրեմն՝ «Ձեզ էլ, մեզ էլ մեծ ավետիս»»,-ասաց նա:
Ըստ քահանայի՝ Քրիստոսի ծննդով մարդկությանը հայտնվեց ինքը՝ Աստված: «Մենք պետք է այսօր գտնենք նախևառաջ Աստծուն մեր մեջ, և Սուրբ Ծննդյան միջոցով այս ամենը մարդ պետք իր մեջ վերստին արժևորի: Եթե մարդն ինքն իրեն քրիստոնյա է համարում, ուրեմն հստակ պետք է գիտակցի, որ Աստծո սիրո արտահայտություն էր Քրիստոսի՝ Աստծո որդու ծնունդը: Այսինքն՝ Աստված ցանկացավ, որ որդին մեզ պես ապրի, մարդու կերպարանքով և մարդուն պատվեց այն աստիճան, որ ինքը մարդու կերպարանքով երևաց մեզ»,- ասաց նա և նշեց, որ Քրիստոս հրաշագործեց որպես մարդ և Աստված, խաչվեց՝ որպես մարդ և որպես Աստված, որպեսզի մեր մեղքերին քավություն տա:
Տեր Նշան քահանա Ալավերդյանը նշեց, որ Սուրբ Ծնունդը ընտանիքի տոն է, երբ գերդաստանը հավաքվում է նույն սեղանի շուրջ, իսկ գերդաստանի գլխավորները բարեմաղթանքով, օրհնությամբ, սիրո սեղանի շուրջ մաղթում են, որ տարին այդպես էլ ջերմ շարունակվի: Այնուհետև փոխայցելություններով ընտանիքի միջավայրից ուրախությունը ավելի մեծ միջավայր են փոխանցում՝ բարի լուրով ու ավետեսի երգերով համընդհանուր ուրախությունը տարածելով ու սփռելով Աստծո լույսը:
Նշենք, որ Հիսուսի ծնունդը եղել է Օգոստոս կայսեր օրոք, երբ նրա հրամանով կայսրությունում մարդահամար էր անցկացվում: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սբ. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ է գալիս: Երբ Ս.Կույսի հղիության օրերը լրանում են, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չի գտնվում, նրանք ստիպված մի քարայրի մեջ են տեղավորվում, որտեղ էլ ծնվում է Հիսուսը:
«Աստծո որդին մի անփառունակ քարայրում՝ աղքատության մեջ ծնվեց, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիուն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր եկան, որոնց մի աստղ էր առաջնորդել և երկրպագեցին Մանուկին, նրան ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները»,-ներկայացնում է Qahana.am-ը: