Վահան Տերյանը հայ գրականությունը բարձրացրեց նոր աստիճանի
CultureՎահան Տերյանն իր գործունեությամբ հայ գրականությունը բարձրացրեց նոր աստիճանի: Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 8-ին նշեց «Վահան Տերյան»մշակութային կենտրոնի տնօրեն ԱռուշանՀակոբյանը` հավելելով, որ փետրվարի 9-ին կնշվի բանաստեղծի ծննդյան 131-րդ տարեդարձը:
«Տերյանը գրականություն մուտք գործեց այն ժամանակ, երբ գրական աշխարհը հարուստ էր մեծերով: Այդ ժամանակահատվածում կարծես նրա համար տեղ չկար, բայց նա 22 տարեկանում մտավ գրականություն, բերեց իր լեզուն, ոճը, պոեզիան, իր տեղը բացեց գրական ասպարեզում»,--ի փոխանցմամբ` նշեց բանախոսը:
«Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրենի խոսքով` Տերյանը լեգենդ էր:
«Տերյանը լեգենդ էր իր գործունեությամբ, պոեզիայով: Այդպիսի մեծության համար անընդհատ արժե ծննդյան օրեր նշել»,-շեշտեց նա:
Երևանի Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը հիշեցրեց, որ նախորդ տարի շուքով նշվել է բանաստեղծի ծննդյան 130-ամյակը:
«Դպրոցի ողջ կոլեկտիվը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում այն փաստին, որ հաստատությունը կրում է Տերյանի անունը: Առաջին դասարանից սովորեցնում ենք տերյանական բանաստեղծություններ: Այս տարի դպրոցում տեղի են ունենալու Տերյանին նվիրված դաս-միջոցառումներ, այնուհետև պանթեոնում դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները Տերյանի հուշաքարին ծաղիկներ կդնեն»,-նշեց նա:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով` Տերյանին գովելը շատ քիչ է:
«Վահան Տերյանին գովելն իմաստ չունի. Տերյանի պարագայում պետք է կարդալ: Պետք է Տերյանի մասին հեռուստատեսային ֆիլմ նկարահանել` առնվազն 5-6- մասանոց»,-ընդգծեց նա;
Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականին Գանձայում: Սովորել է Գանձայի ծխական, Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, այնուհետև՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1908-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն: 1913–17-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական առարկաներ, մասնակցել Վալերի Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիան...» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը: 1918-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին` որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 1919-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն 1920 թ. հունվարի 7-ին թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին՝ Օրենբուրգ քաղաքում, վախճանվել է: