Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից
Culture«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:
ԳԱՐՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ
ԼԱՆԴՇԱՖՏՆ ՈԻ ԿԻՆԸ
Հաճելի է բառի բացատրությունը նայել, երբ գիտես նշանակությունը: Խմբագրելու հաճույքն էլ դրանով է պայմանավորված՝ հա համոզվում ես, որ ինչ-որ բան գիտես: Բացենք բառարանը. լանդշաֆտ՝ բնատեսարան, բնապատկեր, պեյզաժ... Բնապատկերը հերիք է:
Այդ բնապատկերներից մեկում, լանդշաֆտի երկայնքով, դանդաղ, սարն ի վար իջնում էր սև BMW - ն, ներսը անորոշ տարիքի մի կին ու մի տղամարդ: Կարելի է ասել՝ տղամարդ ու կին, և դրանով ամեն ինչ ասած կլինենք: Նրանք տեղ են փնտրում, հարմար մի անկյուն, ուր կարելի է առանձնանալ: Արդեն բավականին փնտրել են՝ քարածածկ բլուրներով վեր ու վար, ոլորաններով աջձախ: Դաշտային աշխատանքների սեզոն է, մարդիկ են հանդիպում: Մեկ էլ տեսար՝ մեկը գլուխը կախ գնում է կամ ցածրաճ ծառերի տակ գույն է տալիս ինչ- որ գլխաշոր: Կինը, անորոշ տարիքի, արդեն ասացի, կա՛մ հոգնած է, կա՛մ չի սիրում: Ամեն դեպքում՝ արդեն ափսոսում է, որ համաձայնելեկել է, լավ, ասում է ինքն իրեն, լա՛վ: Տղամարդը բավականին երիտասարդ է, սիրում է այդ կնոջը յուրովի: Ամեն սեր յուրովի է լինում. նա արդեն վարժվել է այդ կնոջը: Երևի: -Գիշերը չեմ քնել,- ասում է,- քեզ որ հիշում էի... Գործերդ ո՞նց են:
Հոգոց, ձայնարկություն: Էդ է, սիրելին կրկին անտրամադիր է:
- Լավ,- ասում է տղամարդը,- հիմա տրամադրությունդ կբարձրացնենք:
Կինը թերահավատ, անորոշ ժպտում է: Տղամարդն ուշադրություն չի դարձնում. այդ կնոջ ձևը դա է: Կրկին ձախ են թեքվում, քարքարոտ ճանապարհ է: Մեքենան դժվար է գնում: Թրխկոց տակից՝ մի բանի առավ: Լավ, ինչ անենք: Ահա փշատենիների պատ, առվակ, որ սահուն իջնում է ակոսով, հեռվում շինություններ են՝ շատ հեռու են, ամառանոցներ են հավանաբար: Լանջի վրա կովեր են արածում:
- Հասանք,- անվստահ ասում է տղամարդը: Սրանից հետո նա անվստահ է լինելու, գործերն էլ լավ չեն գնալու:
Երկինքը ցածր է, կախված ամպեր են: Արևը ուր որ է պիտի թեքվի: Առվի շուրջը ծաղկել է բազմատեսակ մոլախոտ՝ գորտնուկ, հազարատերևուկ, դեղին դաշտային մանուշակ, կակաչներ էլ կան: Կինը ուզում է փունջ հավաքել, բայց դրա ժամանակը չէ: Փշատենու բույրը լցվել է ավտոմեքենան, տոթ է: Տղամարդը տեղափոխվել է ետևի նստոցին, և նրա քրտնած մարմնին սեղմվելն անխուսափելի է: Տղամարդը ժամանակին ըմբիշ է եղել: Կինը հրապուրվել է նրանով: Հենց տեսել՝ ցանկացել է նրան: Թիկունքից է տեսել, միջանցքում, այդ թիկունքը թպրտացրել է սիրտը: Քայլելով մոտեցել է, անցնելիս հետ է նայել՝ նրանց հայացքները հանդիպել են, տղան էլ նրան է ցանկացել, միանգամից հաղորդակցվել են: Բայց դա ե՞րբ է եղել, քանի՞ տարի առաջ: Տղամարդը հիմա էլ նման է լայնածնոտ, հանրահայտ դերասանին, բայց կանայք ե՞րբ և ինչի՞ համար են սիրում: Լավ, սիրել չասենք, թեև սիրո մասին էլի խոսք կլինի, ե՞րբ են դա ուզում: Աստված գիտե:
Կինը գլուխը ետ գցեց, դեմքը շրջեց՝ ինչո՞ւ մեզանում լոգանքը հարգի չի, թե՞ ես եմ անտեղի զգայուն դարձել... Առաջ արկածի հրճվանքը կար, էլի բաներ, որ նույնիսկ պետք չէ բացատրել, հիմա...
Տղամարդու ծանր գրկից շունչը կտրվում էր: Երանի մեկնումեկը գա, ընդհատի, մտածեց կինը: Մեքենայի անհարմարությունը նույնն էր. գլխատակը ցածր էր, գորգը փոթ էր տվել անհաջող տեղում: Ինչքա՞ն պիտի շարունակվի, Տեր Աստված: Կինը հիշեց մեկ այլ իրադրություն, մեկ այլ տղամարդու:
«Երանի տունը հրդեհվի»,- մտածում էր այն ժամանակ: Ճակատագիր է, ինչ է, թուլակամությո՞ւն, դրա անունը ի՞նչ է, որ չէր կարողանում մերժել, խզել կապը, հեռանալ: «Էլի ձգձգվելու է»,- մտածեց կինը:
-Մարդ պիտի շատ չուզենա,- տղամարդը վերջապես վեր կացավ,- սպասումը, էս անհանգստությունը...
«Ինչու՞ չի ասում՝ քեզանից է գալիս, դու ես մեղավոր»,- մտածեց կինը:
Տղամարդը նայեց հեռուները, դանդաղ դուրս եկավ մեքենայից, կոճկվեց: Մոլոր կանգնել էր, հետո, համենայն դեպս, բարձրացրեց կապոտը՝ անտես աչքին խաբելու համար: Կինը ուզում էր դուրս գալ, բայց ընկած մնացել էր: «Աստված Սերը դրեց պայման, որ կարգավորի էս բանը: Տեսավ, որ մենք կենդանիների նման չենք, հա ուզում ենք և կարող ենք, ստեղծեց սերը, բարոյականությունը, կրոնը, բայց մենք շրջանցեցինք ամեն ինչ: Այդ էներգիան մի ձևով պիտի ծախսվի: Սեռականը նրանով է լավ, որ պարպում է և՛ դրական, և՛ բացասական էներգիան, թեթևացնում է:
-Ես քեզ սիրում եմ,- ասաց տղամարդը, որ կրկին մոտեցել էր, դեմքը անշարժ էր, գունատ:
- Մի բան եմ մտածում,- ասաց կինը,- մի խանգարիր:
- Սիրում եմ քո կուրծքը, քո հոտերը, քո մաշկը: Խելքս թռցնում եմ: Օգնիր, ես էլ... -Հը- ը՛,- կինը իրենը ստացել էր: Մտքերն էլ հետոյի մտքեր էին:
Նա փարվելով, հպվելով էլ կարող էր հանգստանալ: Եթե ճիշտ է, որ կանանց մեծ մասը չբավարարված է, ուրեմն իրենը բախտավորություն է, բարեբախտություն, բարեդիպվածություն, ինչպես պնդում է բառարանը: Նրանը էդպես էր՝ միանգամից: Միանգամից հրապուրվում էր, հիասթափվում, սովածանում և այլն: Բայց, աշխատեց հիշել, միշտ, համարյա միշտ ինչ-որ խորշանք-ժխտում առկա է լինում ինտիմ պահերին: Մարմինն ու միտքը իրար դեմ են, դա փչացնում է ամեն ինչ, թեև չի խանգարում, որ ինքը լինի այն, ինչ է...
-Օգնեիր մի քիչ...
-Չեմ կարող...,- ասաց կինը:
Ինչ սիրել, տղամարդն սկսեց հայհոյել ամենավերջին բառերով, սրտանց, բորբոքված: Իր խոսքերն իրեն ուժ էին տալիս: Այ թե ինչ է անում, ի՛նչ պիտի անի, թող բ ... ը հասկանա, ականջին օղ անի և այլն:
Իսկ լանդշաֆտը բոլորովին չէր փոխվել: Ոչ, սպասեք, կովերից այն կողմ, բացատում՝ որ թփերը չվնասվեն, մի փոքրիկ խումբ օջախ էր վառել: Փայտերը դարսել էին, մեկը կքած փչում էր: Խորոված էին անելու:
Մյուսը, որ հեռադիտակ ուներ, կանգնած նայում էր:
- Պրծան,- ասաց նայողը և հեռադիտակը փոխանցեց կողքին կանգնածին: Նա էլ նայեց, ոչինչ չասաց:
Քիչ հետո մեքենան հեռավոր հռնդյուն արձակեց, թափով պոկվեց տեղից, ձորակը անցավ, դուրս եկավ ու հեռացավ՝ հեռացավ, ծածկվեց բլուրների ետևում:
ՂԵՎՈՆԴ
ԵՐԲ ԱՂՈԹՔՆ ԱՎԱՐՏՎԻ...
Երբ աղոթքն ավարտվի – մոմերդ նվաղեն,
ու ծառդ չհագնի կանաչը ճյուղերի,
ու կանչդ իր բարձրի թռչունին չտանի,
չհասնի տրոփդ արձակած հնչյունին.
Քո ցավին վստահած, քո կարիքն հերքելով,
քեզ մտքում չպահես ու չայրես քեզ ուշիմ,
չտանես քեզ դուռդ որոնող մտքերով,
տրոհված հատ առ հատ – չսիրվես մեկուսի,
ու միտքդ չարյունի մոտեցող վագրի պես,
չբախի դռներդ քո առջև ծածկված,
քո կանաչն ինձ հասնի ու չտա խոտերիդ,
քո կարմիրն ինձ բռնի ու չընկնի քարեքար
Քո ձիուն չե՞ն թամբի, քո ձիուն կարձակե՞ն,
որ դաշտդ վրնջա, որ խոտդ խաղաղվի
ու վազքդ վարանող կուտակումն աղային
քեզ ասի` թե կուրծքդ էլ ինչո՞վ կձաղկես
Հաշտությա՞մբ արարված,
պարտությա՞մբ կավային,
հնչումո՞վ հավելյալ, ծանրությա՞մբ խավարի.
Ես փշեր եմ ծաղկել – կրակով կխաղանք,
հանդարտդ կհոգա, ճղճիմդ կխեղդի,
ու ծուխդ չի թողնի` քո դեմքը ճանաչես,
երբ կրակդ հանգցնես մոխիրդ հեռանա.
ԱՅՍՔԱՆ ՇՈՒՏ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՄՇՈՒՇԴ ԹԱՆՁՐԱՆԱԼ,
ԱՅՍՔԱՆ ՇՈՒՏ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԳԻՇԵՐԴ ՄԱԿԱՂԵԼ,
ԱՊՏԱԿԴ ՉՊԻՏԻ ԱՅՍՔԱՆ ՇԱՏ ՈՒՇԱՆԱՐ
ՈՒ ԴԵՄՔԴ ՉՊԻՏԻ ՄԵՐՁԵՆԱՐ ԽԱՂԱՂԻՆ,
ՈՐ ՄԻՏՔԴ ՁԱՆՁՐԱՆԱՐ ՈՒ ՀՈԳԻԴ ԽԱՆԳԱՐՎԵՐ.
Ես փշին կծաղկեմ, կրակով կխաղամ,
էլի ինձ կծածկեն կտորով չկարված,
էլի ինձ չմաքրած կդնեմ բարձերին,
ու եղած – չեղածը` խենթացած մի թիթեռ,
մի ծաղիկ կբռնի ու հետը կխաղա.
Ո՞վ հուշի` իմ բույրը քո մահն է, իմացիր,
արթնացիր ու հիշիր` քեզ որտեղ կպահեն,
երբ ելնես – չիմանաս` ո՞ւր գնաց այրուձիդ,
իսկ վարգը կամենա ստվերդ վերցնել.
ու աղոթքդ ավարտվի, մոմերդ հանգցնեն.
ԲԱՆԲԵՐԴ ԱՅՍՔԱՆ ՇԱՏ ՉՊԻՏԻ ՈՒՇԱՆԱՐ,
ԶՈՐԱՎԱՐԴ ԱՅՍՔԱՆ ՉՊԻՏԻ ՃԱՊԱՂԵՐ,
ԱՅՍՔԱՆ ՇՈՒՏ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՄԱՐԳԱՐԵՆ ՀԵՌԱՆԱԼ,
ԱՅՍՔԱՆ ՇՈՒՏ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՀՐԵՇՏԱԿՆ ՕՏԱՐՎԵԼ,
Ես փշին կծաղկեմ,
կկապեմ ժապավեն, կկախվեմ փեշերից
չթամբեն քո ձիուն, քո ձիուն արձակեն
երբ աղոթքն ավարտվի, մոմերդ նվաղեն
այսքան շուտ չի կարող տիրանալ նիրվանան,
այսքան շուտ չի կարող պոռթկումդ համբերել.
Այսքան սուտ չէր կարող հորինել Նիրվանան,
Այսքան շատ չպիտի պոռթկումդ
հապաղեր...