Պետություն ունենալուց հրաժարվելու հայկական տարբերակը․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Տիգրան Մեծը ծովից ծով Հայաստան էր կառուցել։ Սա գիտենք պատմությունից։ Պատմությունից նաև գիտենք, որ Տիգրան Մեծի կառուցած հայրենիքը 2000 տարում փոքրացավ շուրջ 13 անգամ։ Հաճախ ենք լսում մեզ շրջապատող մարդկանցից, որ մենք Աստծո պահած ազգ ենք, ու նույնիսկ կեսկատակ-կեսլուրջ ասում ենք, որ եթե աշխարհը կործանվի ու գեթ մեկ մարդ փրկվի, ապա դա անպայման հայ կլինի։ Գուցե այդպես է, գուցե՝ ոչ։ Մեր ազգը տվել է համաշխարհային մեծության անհատներ։ Մեր ազգը որտեղ էլ լինի, աշխարհի որ ծայրում էլ լինի, կարողանում է ստեղծել, հիմնել իր փոքր Հայաստանը։ Սակայն իրական փոքր Հայաստանը, մեր իրական հայրենիքը մենք ամեն օր մաշում ենք, ամեն օր բզիկ-բզիկ ենք անում։
Պարադոքս է՝ եթե ապրում ես, օրինակ՝ Ֆրանսիայում, ապա երբեք սիգարետը չես շպրտի փողոցի մեջտեղում, բայց Հայաստանում կանես, Գերմանիայում երբեք հյութի տարան մեքենայի պատուհանից չես նետի, բայց Հայաստանում կանես։ Այսպես ենք նաև մաշում մեր հայրենիքը։ Բայց սա էլ ամենամեծ չարիքը չէ, քանի որ մարդը կարող է լինել փոքր-ինչ փնթի, բայց հարկ եղած դեպքում կյանքը չխնայի հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Արձանագրենք, որ հայերն ամենալավ կռվողներն են, հայերը ամենալավ զինվորներից են, դա մենք չենք ասում միայն։ Դա մենք ապացուցել ենք Բաշ-Ապարանում, Հայրենական պատերազմում, Արցախյան պատերազմում, բոլոր ժամանակներում։ Լավ, բա ի՞նչն է պատճառը, որ մեր հայրենիքն անընդհատ մաշվում ու փոքրանում է, ինչո՞ւ ենք մենք միշտ կորուստներ ունենում, ինչո՞ւ են մեզ միշտ կոտորում, հայրենազրկում։
Ինչո՞ւ։ Գուցե աբսուրդ վարկած է, բայց մերօրյա գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ հայրենիք չունենալու համար պետք են մի խումբ դավաճան գործակալներ և հայրենիքը սիրող մարդկանցից քանակապես շատ՝ հայրենիքի զգացում չունեցողներ։ Օտարերկրյա դավաճան գործակալներ Հայաստանում, կարծես թե, միշտ եղել են ու կլինեն, սակայն այս մարդիկ ոչինչ չեն կարող անել, եթե ամբողջ հասարակությունը կամ դրա գերակշիռ մասն իսկապես ուզում է հայրենիք ունենալ ու կառչած է այդ ցանկությունից։ Ես վստահ չեմ, որ հիմա մեր հասարակության մեծ մասն ուզում, ավելին՝ պայքարում է այս արևի տակ իր հայրենիքն ունենալու համար։ Ես չեմ ընկալում, որ, օրինակ՝ Լոռվա մարզում ապրողը կարող է հանգիստ նստել տանը ու նայել, թե ինչպես է թշնամին մտնում ու վերցնում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը։
Կոտայքի մարզում ապրողը հանգիստ կարող է նայել, թե ինչպես է թշնամին գալիս կանգնում Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա, որովհետև Գորիսը Չարենցավանից հեռու է տասնյակ կիլոմետրեր, որովհետև Աբովյանում ապրողների մեծ մասը հնարավոր է տարիներով այդ ճանապարհով չանցնի։ Այսինքն մարդիկ չեն ընկալում, որ գյուղ գյուղ գրավելով, թշնամին մի օր էլ կհասնի Վանաձոր, Գյումրի, Աբովյան կամ Աշտարակ։ Հայ ժողովրդի մեծ մասի նույնիսկ ինքնապաշտպանական բնազդն է բթացել։ Կարծես մարդիկ համակերպվել են այն մտքի հետ, որ թուրքը պիտի գա ու իրեն իր տան մեջ գլխատի։ Իսկ գիտե՞ք, թե ինչից է բթանում մարդկանց զգոնությունը։
Մարդկանց զգոնությունը բթանում է, երբ տարիներ շարունակ գործակալական-դավաճանական ցանցերը բարձր մակարդակով ուղղակի քարոզում են թրքասիրություն, աղանդավորություն, թշնամություն եկեղեցու, լեզվի, պատմության և ազգային արժեքների դեմ։ Ինչևէ, երբ ասում եմ, թե ինչու է երևանցին հանգիստ նայում Սյունիքում տեղի ունեցող խայտառակությանը, ամենևին նկատի չունեմ, թե երևանցիները պետք է հավաքվեն ու գնան Սյունիք՝ թշնամու հետ պատերազմ սկսելու։ Ամենևին: Բայց ես չեմ հասկանում, թե Երևանի, Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Աբովյանի և առավելապես Գորիսի, Կապանի, Սիսիանի ու առհասարակ Հայաստանի բոլոր բնակավայրերի մեր հայրենակիցները ինչու չեն հավաքվում Հանրապետության հրապարակում ու կառավարության շենքում տաքուկ աթոռներին սոսնձված բարձրաստիճան պաշտոնյաներին դուրս շպրտում աշխատասենյակներից։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ՀՀ քաղաքացիները համաձայն են այն ամենի հետ, ինչ եղավ, հակառակ դեպքում հարյուր հազարավոր մարդիկ փողոցները հեղեղած կլինեին։ Եզակի դեպք է, բայց համաձայն եմ Նիկոլի հետ՝ մեր ժողովուրդը համակերպվել է հայրենիք չունենալու մտքի հետ, հակառակ դեպքում, ինչպես օրումեջ մի գյուղ թշնամուն հանձնող Նիկոլ Փաշինյանն է ասում, մարդիկ չէին հանդուրժի նրա ու նրա քաղաքական անմեղսունակությամբ տառապող թիմի գոյությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում