Երեկ հրապարակվել է այն սահմանամերձ համայնքների ցանկը, որոնց տրամադրվում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանաված աջակցությունը: Այդ բնակավայրերը թվով 32-ն են` 31 գյուղ և 1 քաղաք` Ճամբարակը:
Աջակցություն ստացած սահմանամերձ գյուղերը, որոնց երբեմն անվանում ենք նաև սահմանապահ` իրենց` սահմանին շատ մոտ գտնվելու և թշնամու կրակն անմիջապես իրենց վրա ընդունելու պատճառով, առավելապես գտնվում են Տավուշի մարզում (Ն.Կ. աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջ. շրջ.), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վ.Կ. Աղբյուր): Միայն մեկ գյուղ ներառված է Արարատի մարզից` Երասխը, մեկ գյուղ (Վահան) և Ճամբարակ քաղաքը` Գեղարքունիքի մարզից ու ևս 5 գյուղ (Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի)` Վայոց ձորի մարզից:
Այս երևույթի առավել կարևոր կողմն այն է, որ պետության օժանդակությունը, որպես այդպիսին, տրամադրվում է երկու սկզբունքով` կարճաժամկետ արդյունքներ ապահովող և երկարաժամկետ արդյունքներ ապահովող: Արագ արդյունքի համար կիրառվում է սահմանամերձ 32 համայնքների կոմունալ վճարների 50 տոկոսի մարումը կառավարության կողմից: Սա հասկանալի է` ուղղակի ֆինանսական օժանդակություն է համայնքի բնակիչներին:
Իսկ երկարաժամկետ, ես կասեի նաև ավելի հիմնավոր արդյունքներն արդեն կապված են հարկային արտոնությունների հետ: Այդ արդյունքներն անիմաստ է սպասել մոտ ապագայում` առաջիկա մեկ-երկու տարիներին: Սակայն ավելի ուշ, երբ նշված բնակավայրերում ներդրումներ կարվեն, արդեն կարելի կլինի տեսնել այս օրենքի տված արտոնությունների դրական հետևանքները:
Ակնկալվում է, որ արտոնություններ ունեցող համայնքներում պետք է ստեղծվեն տվյալ տարածաշրջանը սպասարկող, որոշ դեպքերում հնարավոր է նաև դեպի այլ մարզեր տարածվող ընկերություններ, որոնք տարածաշրջանի բնակչությանը պետք է ապահովեն աշխատատեղերով, իսկ համայնքային ու պետական բյուջեները` հարկերով:
Սահմանամերձ գյուղերին արտոնություններ շնորհելու անհրաժեշտությունը, թերևս, շուտվանից էր հասունացել: Հուսանք, որ այս արտոնությունները ակնկալվող արդյունքները կտան: